
«Գվարդիոլայի հեռանալը մեծ կորուստ կդառնա գերմանական ֆուտբոլի համար». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Բավարիայի» հետ հակամարտության նախօրեին նշել է Պեպ Գվարդիոլայի կարևորության մասին ամբողջ գերմանական ֆուտբոլի համար:
Այսօր «Բորուսիան» Գերմանիայի գավաթի եզրափակչի շրջանակներում կխաղա «Բավարիայի» դեմ: Այս մենամարտը կլինի վերջինը մյունխենցիների ներկայիս մարզչի համար, ով հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:
«Միշտ շատ առանձնահատուկ է փորձել ուժերդ լավագույնների դեմ, իսկ Գվարդիոլան լավագույնն է: Գտնում եմ, որ նրա հեռանալը կդառնա մեծ կորուստ գերմանական ֆուտբոլի համար»,- հայտարարել է Տուխելը:
«Իհարկե, ես կարող էի ասել, որ դա լավ է, որ ես այլևս ստիպված չեմ լինի խաղալ նրա դեմ: Բայց ազնվորեն ասած՝ ես կկարոտեմ Պեպին»:
Հիշեցնենք, որ «մեղուների» մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելը փոխարինել է Յուրգեն Կլոպին, ով փորձում է նվաճել «Մառախլապատ ալբիոնը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը