ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 17-ին հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է ամերիկյան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները:
Նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ կայուն կերպով ընդլայնվում է ամերիկյան այն պետությունների թիվը, որտեղ Հայաստանն ունի դիվանագիտական առաքելություններ կամ հավատարմագրված դեսպաններ:
Դեսպան Հովհաննիսյանը իր երախտագիտությունը հայտնեց գլխավոր քարտուղար Ալմագրոյին Ամերիկյան պետությունների կազմակերպության՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ծավալած ագրեսիայի հարցում որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար: