Բաժիններ՝

«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները». Հայաստանի թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր

«Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում 2016 թվականին անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայ նության հետ կապերի բաժնից:

1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան:

Բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով թանգարաններն իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Հատկանշական է, որ մասնակից թանգարանները հանդես են գալիս ինքնատիպ նախաձեռնություններով` փորձելով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձնել այցելուների երեկոն: Այս միջոցառման նպատակն է վերարժևորել մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս