Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ առանց բանկային համակարգի զարգացման անհնար է զարգացած տնտեսություն ունենալ: Այս առումով, Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես վերջին տարիներին Արցախի տնտեսության մեջ բանկային կապիտալի կայուն ներգրավումը, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք ոլորտներում զարգացման լուրջ առաջընթաց գրանցել:

«Ուրախալի է արձանագրել, որ մեր բոլոր արդեն կայացած ձեռնարկությունները հիմնադրվել և զարգացել են բանկային կապիտալի ներգրավման շնորհիվ: Կարծում եմ՝ կառավարության և բանկերի միջև անցած տարիների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը խոստումնալից ապագա ունի, և նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս կառուցողական մթնոլորտում միասին քննարկելու ընթացիկ և ապագա ծրագրերը: Կառավարությունը շարունակելու է անհրաժեշտ դեպքերում հնարավորինս աջակից լինել ձեռնարկատերերին իրենց ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում:

Այդ ճանապարհով կկարողանանք արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը՝ երաշխավորելով պետության սոցիալ-տնտեսական ու անվտանգային հիմքերի ամրությունը»,- ասել է վարչապետը և հավելել, որ Արցախում գործող բանկերի մասնաճյուղերը զգալիորեն զարգացրել են սպասարկման ծառայությունները:

Հանդիպմանը մասնակից՝ բանկերի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գործադիր իշխանության ղեկավարին՝ բանկային համակարգի նկատմամբ կառավարության կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի տնտեսության զարգացման ծրագրերում: Ըստ ՀՀ բանկերի ներկայացուցիչների՝ Արցախում ֆինանսական ռիսկերը բավարար են նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու և վարկավորման նոր փաթեթներ առաջարկելու համար:

Վարչապետի և ՀՀ բանկերի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս