ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Վրաստանի միջև անվտանգ սահմաններին, «Սադախլո»-ում տեղադրվել է 1,5 մլն դոլար արժողությամբ սքաներ՝ բեռնատար մեքենաների ստուգման համար
Բեռնատար մեքենաների ստուգման համար նախատեսված 1,5 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան սքաներ է տեղադրվել վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում: Այն տեղադրվել է Եվրամիության կողմից՝ Հարավային Կովկասում սահմանների ղեկավարման ինտեգրացիային նպաստելու նպատակով, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Սքաները կօգնի կատարելագործել բեռների զննության գործընթացը, արդյունավետ իրականացնել սակագների հավաքումն ու ի հայտ բերել մաքսանենգ ապրանքը, հայտնել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, որը իրականացրել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այդ նախագիծը:
«Մեր աջակցությունը հավելյալ կերպով խթանում է Վրաստանում բարեփոխումների ներկայիս գործընթացն ու իր ավանդն է ունենում սահմանների արդյունավետ կառավարման հարցում, այս դեպքում՝ սահմանների վերահսկողության իրականացման հարցում»,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը:
4,3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով համատեղ նախագիծն օգնում է Հայաստանի և Վրաստանի կառավարություններին արդյունավետորեն պայքարել մաքսանենգության ու անօրինական փոխադրումների դեմ, տրամադրում է սարքավորումներ, ուսուցում է կազմակերպում երկու երկրների սահմանապահ ծառայությունների ու մաքսային ծառայությունների աշխատակիցների համար: