«Մենք համախմբվում ենք ոչ թե իշխանության շուրջ, այլ` մեր պետականության». Լևոն Զուրաբյան

«Հայաստանի այսօրվա գլխավոր օրակարգը` պատրաստվել պատերազմի և ձգտել խաղաղության, ինչպես ասում էին հին հռոմեացիները»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` պետք է գնենք սպառազինություններ, ամրացնենք ռազմաճակատի գիծը, իսկ ՀՀ ներսում ամեն ինչ պետք է անենք, որ պետական մեքենան գործի առավելագույնս արդյունավետ:

Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենց համախմբումը շարունակվում է և երկրի իշխանությունը պետք է իրեն վստահ զգա մարտադաշտում, իսկ մնացած հարցերում շարունակում են բուռն քննադատել. «Մենք համախմբվում ենք ոչ թե իշխանության շուրջ, այլ` մեր պետականության, բանակի, զինվորի և անվտանգության շուրջ: Պետք է հասկանանք, որ մեր պետական` և´ քաղաքական, և´ տնտեսական մեքենան հիվանդ է, կոռումպացված, և գոյատևման խնդիր է այդ հիվանդությունը բուժելը` արդար ու ազատ ընտրությունների միջոցով»:

Հարցին, թե արդյոք շփման գծում 800 հեկտարի կորուստը նշանակալի՞ է, թե՞ ոչ, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ ավելի կարևոր հարց է պատերազմի և խաղաղության խնդրի լուծման հարցը, որ Հայաստանի առջև դրված է: Ըստ նրա` պետք է ոչ թե ընկնել սխալների կամ անգամ ստերի հետևից, այլ ավելի կարևոր հարցեր կան. «Դրված է Հայաստանի և Արցախի ապագայի խնդիրը: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը պատասխանի է կանչում մեր պետական այրերին իրենց խոսքի համար, կամ ստերի համար, դա կարևոր է, բայց կան ավելի կարևոր գործեր այս պահին: Մենք պետք է կարողանանք այս պատերազմից հաղթանակած դուրս գալ: Իրավիճակը շատ վտանգավոր է, ոչ մի հարց լուծված չէ և այս գիտակցումով էլ մենք պետք է առաջնորդվենք»:

Կարդացեք նաև

Լ.Զուրաբյանը նշեց, որ միջազգային հանրությունն էլ է հասկանում, թե ինչքան վտանգավոր է, բայց ադրբեջանական ռազմական մեքենան նույն տեղում չի՞ կանգնած, նույն պլանները չի՞ մշակում: Թե ինչպե՞ս պետք է դուրս գալ այս իրավիճակից, Լ.Զուրաբյանի կարծիքով, պետք է լինել միասնական:

Տեսանյութեր

Լրահոս