«Մինսկի խմբի համանախագահներն աշխատեցին համատեղ՝ Ղարաբաղում պատերազմի կանխման ուղղությամբ». Մալաշենկո
«Ռուսաստանը չի փոխելու իր քաղաքականությունը Ղարաբաղում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքներին:
Նա նշեց, որ միանշանակ դրական է, որ Մինսկի խմբին հաջողվեց բանակցային սեղանին նստեցնել հակամարտող երկրների նախագահներին, որոնք պատերազմական գործողություններ սկսելու շեմին էին: Ըստ նրա՝ այսօր էլ այդ վտանգը հեռացած չէ, սակայն հաջորդ հանդիպման շուրջ որոշակիությունը խոսում է այն մասին, որ որոշակի դինամիկա է ստեղծվել համանախագահների կողմից, կա ճնշում, և կարճաժամկետ վտանգը չեզոքացված է:
«Իհարկե, դրական կլիներ, եթե կողմերն ընդունեին և իրականացնեին համանախագահների պահանջները` վերահսկողական մեխանիզմներ ներդնել շփման գծում, սակայն կարծում եմ՝ այդ ճանապարհը ևս անհարթ չի լինելու, և առաջիկա հանդիպումների ընթացքում բանակցությունների առանցքն այդ հարցն է լինելու»,- նման տեսակետ հայտնեց Մալաշենկոն: Վերջինիս համոզմամբ՝ այս փուլում, այնուամենայնիվ, հանդիպման բովանդակությունը երկրորդական էր: Շատ ավելի կարևոր էր, նրա գնահատմամբ, որ հաջողվեց կազմակերպել հանդիպում, և նախագահները հայտնեցին պատերազմ չսկսելու իրենց կամքի մասին: «Ապրիլյան պատերազմից հետո թվում էր, թե կողմերը կտրուկ հեռացել են միմյանցից, անհանդուրժողական միջավայր է ձևավորվել, սակայն այս հանդիպումն այդ մտավախությունները ցրեց»,- ասաց նա: Ռուս վերլուծաբանը կարևորեց նաև հանդիպման ներկայացուցչականությունը և հատկապես՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությունը, որը հանդիպմանը հավելյալ լրջություն հաղորդեց, իսկ կողմերին` զգոնություն:
Անդրադառնալով միջնորդների քաղաքականությանը և հարցին, թե արդյո՞ք Մոսկվան չզիջեց իր առաջատարի դիրքերը Վաշինգտոնին` նա ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան Ղարաբաղում բավականին դժվար կացության մեջ էր հայտնվել հայտնի պատճառներով, կարևորելով իր հարաբերությունները թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի հետ:
«Այսուհետ ևս, վստահ եմ, Ռուսաստանը պահպանելու է իր դիրքերն ու ազդեցությունը: Այս փուլում բոլոր համանախագահ երկրների համար կարևոր էր լարվածության մեղմումը՝ պատերազմի կանխման նպատակով: Այս հարցում, կարծում եմ, համանախագահները մրցակցություն չունեին, ուստի առաջատար դիրքերի մասին խոսելն այստեղ տեղին չէ, համանախագահներն աշխատեցին, որպեսզի չլինի նոր պատերազմ»,- նկատեց Մալաշենկոն` շարունակելով պնդել, որ ԱՄՆ-ՌԴ առճակատումը շարունակվում է, և մի շարք բովանդակային հարցերի շուրջ այդ տարաձայնությունները դեռ կշարունակվեն: