Մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ԵՏՄ-ի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ. Մատվիենկո
Եգիպտոսը, Հնդկաստանը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 4-րդ միջազգային ֆորումի լիագումար նիստում:
«Այս օրերին Սոչիում ընթանում է Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա հոբելյանական գագաթաժողովը, որտեղ քննարկվելու են ԵՏՄ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ի դեպ, Վիետնամը դարձավ առաջին պետությունը, որի հետ ստեղծվում է ազատ առևտրի գոտի:
Այսօր նման համաձայնագրեր կնքելու նկատմամբ հետաքրքրություններ են ցուցաբերում մի շարք պետություններ՝ Եգիպտոս, Հնդկաստան, Իսրայել: Օրերս Իրանի հետ մեկնարկել են այդ հարցի շուրջ ոչ պաշտոնական խորհրդատվությունները:Դա վկայում է այն մասին, որ ԵՏՄ-ն հետաքրքիր ու գրավիչ է մեր օտարերկրյա գործընկերների համար»,- ասել է Մատվիենկոն: