Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել. Եգիպտոսում ՀՀ դեսպանություն

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ Փարիզից Կահիրե ուղևորված և կործանված MS 804 չվերթի ուղևորների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին դեսպանությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ճշտված տվյալներով` Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող Egypt Air ընկերության MS 804 ինքնաթիռի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան»,- հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:

Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Փարիզից ուղևորվել էր Կահիրե, դիսպետչերների ռադարներից անհետացել է՝ գտնվելով Եգիպտոսի օդային տարածքում:

«Ալ Յաում աս Սաբիա» լրատվական պորտալի տվյալներով՝ որոնումները շարունակվում են արդեն մի քանի ժամ: Ստացվող տեղեկատվության համաձայն՝ Միջերկրական ծովի ջրատարածքում գործում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմածովային ուժերի նավերը, որոնք ստուգում են այն շրջանը, որտեղ կտրվել է կապը ինքնաթիռի հետ (Եգիպտոսի ծովափից 280 կիլոմետր հեռավորության վրա): Որոնողական գործողությանը մասնակցում է նաև երկու երկրների ավիացիան:

Ինչպես ավելի վաղ հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, A320-ը կործանվել է հունական Կարպատոս կղզու շրջանում: Միջադեպի հնարավոր պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել է 56 ուղևոր՝ 12 պետություններից, ինչպես նաև անձնակազմի տասն անդամներ: Al-Masry Al-Youm հրատարակությունը, վկայակոչելով Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցչին, հայտնել է, որ ազդանշան է ստացվել կորած ինքնաթիռի սև արկղից: Ոչ մի այլ տվյալ տեղեկատվական պորտալը չի նշում: Դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան:

Տեսանյութեր

Լրահոս