Հայկական սփյուռքը փորձում է խոչընդոտել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցմանը. «Ադրբեջանական երկաթուղիներ»
Հայկական սփյուռքը «փորձել է խոչընդոտել և շարունակում է խոչընդոտել» «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի իրագործմանը: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը The Business Year պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է Trend-ը:
Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանն սկսել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը, Հայաստանը դժգոհել է, որ դուրս է մնացել այդ նախագծից:
Ինչ վերաբերում է նախագծի իրականացմանը, ապա Գուրբանովը հայտնել է, որ գրեթե պատրաստ է Վրաստանում երկաթուղու 183 կիլոմետրանոց հատվածը:
«Մնացել է ավարտել աննշան աշխատանքներ: Առաջին փուլում երկաթուղային ճանապարհով կփոխադրվի տարեկան 5 միլիոն տոննա բեռ, սակայն ապագայում այդ ցուցանիշը կհասնի մինչև 17 միլիոն տոննայի: Երկաթուղու վրացական հատվածը կավարտվի 2016թ. վերջին: Դրանից հետո կմնա ավարտել միայն Թուրքիայում շինարարական աշխատանքները»,- հավելել է նա:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կառուցվում է վրացա-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա:
Ադրբեջանը վրացական հատվածի շինարարության համար հատկացրել է 775 միլիոն դոլարի վարկ: