Բաժիններ՝

«Երեխեն ասում ա՝ կակա, ես ամաչում, տնից դուրս եմ գալիս». hetq.am

hetq.am. 2-ամյա Սամվելին կոնֆետի փոխարեն մայրը սալորի ցոգոլ է տվել: Սամվելը բերանի մեջ թրջում է չհասունացած միրգը և գցում գետնին: Ցոգոլը թթու է և երեխան չի կարողանում ուտել: Ընտանիքում այդպես են նրան խաբում, երբ ամեն անգամ ասում է՝ «կակա»: «Երեխեն արթնանում ասում ա՝ կակա, ես ամաչում, տնից դուրս եմ գալիս: Չեմ կարա ասեմ՝ չկա: Հերը իրիկունը գալիս ա տուն, ասում ա՝ պապա, կակա: Որտեղի՞ց տա, որ չկա»,-ասում է Սամվելի տատը՝ 47-ամյա Մարինե Ստեփանյանը:

4 հոգանոց ընտանիքը՝ երեխան, նրա ծնողներն ու տատը, ապրում են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում: Տան միակ աշխատողը փոքրիկ Սամվելի հայրն է՝ 26-ամյա Հայկը: Նա Եղեգնաձոր քաղաքի ավտոլվացման կետում է աշխատում: Տիկին Մարինեն պատմեց, որ եթե աշխատանք է լինում, տղան տուն է գալիս 1000-2000 դրամով: Հայկի մայրն ու կինը անհամբերությամբ օրվա կեսին զանգահարում են Հայկին` տեղեկանալու՝ արդյոք գործ եղել է: Բացասական պատասխանն արդեն հուշում է, որ Հայկը տուն է գալու առանց ուտելիքի:

stepanyans

«3 օր առաջ, որ գայիք մեր տուն ոչ մի բան չկար ուտելու: 2 ձու եմ տարել խանութ, 2 յոգուրտի հետ փոխել բերել եմ, որ երեխեն ուտի: Մենք մինչև երեկո դիմացանք` մինչև տղաս մի բան պարտքով բերեց, կերանք: Գյուղի խանութներն արդեն նիսյա ապրանք չեն տալիս, Եղեգնաձորից է տղաս նիսյա ապրանք բերում: Բայց նրանք էլ արդեն չեն տալիս, գիտեն, որ եկամուտ չունենք, դժվարությամբ ենք պարտքը փակելու»,-ասում է Մարինեն և ժպիտով խեղդում հուզմունքը:

Սամվելը մեկ տարի առաջ օրական մեկ լիտր կովի կաթ էր խմում: Այժմ, թեև պահանջը մեծացել է, սակայն կաթն է քչացել: Կաթի պարտքը կուտակվել է այնքան, որ համագյուղացին այլևս հրաժարվել է այն վաճառել: Այժմ կես լիտր են գնում՝ օրական 150 դրամի, որպեսզի Սամվելը խմի ու հանգիստ քնի:

Կնոջ դեմքն անմիջապես փոխվեց, երբ պատմում էր, թե ինչ լավ են ապրել 8-9 տարի առաջ: Այդ ժամանակ ամուսինը Ռուսաստանում կայուն աշխատանք է ունեցել, գումար է ուղարկել տուն: Բայց հետո ամեն ինչ փոխվել է: Առողջական վիճակը վատացել է ու չի կարողացել աշխատել, ինչի պատճառով էլ ընտանիքը հայտնվել է պարտքերի տակ՝ ծանր վիճակում:

stepanyans2

«3 օր առաջ տղաս գլուխը վերցրել էր ափերի մեջ ու նստել էր դռան դիմաց: Պարտքով ուտելիք էր ուզել խանութից, չէին տվել: Չկարողացա տեսնել երեխուս վիճակը ու թոռիս վերցրեցի դուրս եկա տնից: Բայց որպես ծնող ինչքա՞ն աչքերս փախցնեմ երեխուս դեմքից, ինչքան քոռ ձևանամ, ոչ մի բան չլսեմ»,-ասում է Մ. Ստեփանյանը:

Հայկը հերթագրվել է տարածքային զինկոմիսարիատում, որպեսզի անցնի պայմանագրային ծառայության:

Տիկին Մարինեն ասում է, որ պարտքեր շատ ունեն, այդ թվում՝ մի քանի վարկեր: Խոստովանում է, որ դրանց մի մասը գոյացել է որդու միամտության պատճառով: Օրինակ՝ տարիներ առաջ վարկ են վերցրել, որ անասուն գնեն, տնտեսություն հիմնեն, բայց որդու ընկերները խաբել են նրան, գումարը իբր մի քանի օրով պարտքով վերցրել են ու անհետացել: Հեռուստացույց չեն ունեցել, ապառիկով նաև փոքր հեռուստացույց են գնել: Հետո հասկացել են, որ այլևս ի վիճակի չեն վճարել վարկերը, իսկ այդ ընթացքում տույժ-տուգանքներով 700 հազար դրամ վարկը դարձել է 3 միլիոն:

«Որ ներս մտաք, ինձ թվաց բանկից են եկել, որ մեր տունը վերցնեն, ոտներս դողում էր»,-ասում է Մարինեն և նորից շարունակում ներկայացնել իր ընտանիքի պատմությունը:

Հարցնում եմ, որտեղից է գոյանում ընտանիքի եկամուտը, նա պատասխանում է՝ որդու ոչ մշտական 1000-2000 դրամ աշխատավարձից, իսկ հարսը՝ Մերին ավելացնում է. «Մեկ էլ 5 հատ հավից»:

«Խեղճ հավեր, իրանք էլ են սոված մնում, կեր չունեն, 3 օր ա կեր չենք տվել, որ գոնե ձու ածեն»,-հարսի խոսքը շարունակում է Մարինեն և, հայացքը գցելով թոռան կողմը, նշում, որ չեն հիշում, թե Սամվելին վերջին անգամ երբ հագուստ ու կոշիկ գնել: Այդ հարցը հարևաններն են լուծում:

«Այնպես չի, որ չեմ ուզում աշխատեմ: Հողի վրա աշխատում եմ, սեզոնին դա լինում է իմ եկամուտը, որ մեկը գա, մի բան ուզի 100-200 դրամով ծախեմ, երեխուն մի բան առնեմ: Մի տեղ աշխատեցի, առողջությունս չներեց, թունավոր զոբ ունեմ, դուրս եկա: Որտեղ ուզում եմ աշխատեմ, որ իմանում են՝ զոբ ունեմ վախենում են, չեն վերցնում: Մտածում են իրենց տարածքում ինձ մի բան կլինի: Ասում են՝ արի գումարով շիթիլ արա, բայց վախենում եմ գնամ գլուխս պտտվի ընկնեմ, խայտառակ լինեմ: Երևի չեմ սնվում դրանից է գլխապտույտ է լինում»,-ասում է Մարինե Ստեփանյանը:

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս