«Պուտինը պետք է վստահեցնի, որ իր ուժերը չեն սադրել բռնություն Ղարաբաղում». Բրայզա

«Չեմ տեսնում փոխըմբռնում և համագործակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, ընդհակառակը՝ մինչ այսօր նախագահ Պուտինը փորձել է տպավորություն ստեղծել, թե միայն ինքն է թելադրում իրերի դրությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե Մոսկվան ղարաբաղյան հակամարտության շուրջ սկսել է աշխատել Արևմուտքի հետ: Նա հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինը վարչապետ Մեդվեդևին, Պաշտպանության նախարար Շոյգուին, արտգործնախարար Լավրովին Երևան և Բաքու ուղարկեց՝ առանց որևէ համակարգման Վաշինգտոնի և Փարիզի հետ:

«Ուստի, եթե այն տպավորությունը, որը կա, համապատասխանում է իրականությանը, մեծ զարգացում է, եթե Պուտինը ցանկանում է աշխատել Փարիզի ու Վաշինգտոնի հետ: Բայց ես հավատում եմ նրան, ինչ տեսնում եմ»,- ասաց նա: Վերջինս նաև շեշտեց. «Ես կարծում եմ, որ կան պատճառներ` ինչու նա պետք է փոխի իր քաղաքականությունը, կան պատճառներ` ինչու նա պետք է վստահեցնի, որ իր ուժերը չեն սադրել նման բռնություն Ղարաբաղում, և պետք է վստահեցնի, որ աշխատում է Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ իրավիճակը չափազանց վտանգավոր է: Եթե Մոսկվան ցանկանում է խաղալ այդ իրավիճակի հետ իր սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, ապա սա դաժան հակամարտություն է հրահրում: Ուստի ես հույս ունեմ, որ նա փոխել է իր ուղղությունը, բայց չեմ կարող կանխատեսել, թե կա՞ նման բան, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ կա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս