«Վիրավոր զինծառայողների 2 դեպք է եղել, որ ես օգնել եմ անձամբ». Հովիկ Աբրահամյան
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վիրավոր զինվորներին արտասահմանում բուժօգնություն ապահովելու հարցը չի լուծվում, ինչո՞ւ ընդունված օրենքը չի կիրառվում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մասնագետներն ասում են, թե նրանց արտասահման տեղափոխելն իմաստ չունի, բայց ծնողները ցանկանում են դա էլ փորձել:
«2 դեպք է եղել, որ ես օգնել եմ անձամբ»,- ասաց վարչապետը` նկատելով, որ թեև մասնագետները նշել են, որ արտասահմանում բուժօգնությունը որևէ դրական արդյունք չի տալու, բայց ինքը գնացել է ընդառաջ: Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր նման հարց իր ուշադրության կենտրոնում է եղել և լինելու է:
Է.Մարուքյանի խոսքով` Էրեբունի հիվանդանոցում կա 3 զինծառայող, որ ամենածանր վիրավորումն են ստացել, որոնցից մեկի ծնողն անգամ անձնական դրամահավաք է ուզում իրականացնել: Վարչապետը նշեց, որ բացի օրենքից, իրենք նաև բարոյական պատասխանատվություն են կրում այդ մարդկանց նկատմամբ, քանի որ այդ մարդիկ իրենց կյանքը վտանգել են` հայրենիքի պաշտպանության համար: Նա խոստացավ հարցին լուծում տալ: