«Չկա մենաշնորհ». Հովիկ Աբրահամյան
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, «Ռուսառմօյլ» ՍՊԸ-ն 40 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներ է ուղարկել, որոնք մայիսի 1-ից Բագրատաշենի մաքսակետում կանգնած են: Ըստ նրա` այդ ընկերության ղեկավար Անաստաս Սեդրակյանն ասում է, որ առանց նմուշ վերցնելու` իբրև թե ուղարկել են լաբորատորիա` փորձաքննության, սակայն իրենք մեծ վնասներ են կրում:
Զուրաբյանի խոսքով` միայն ՊԵԿ-ին ուղղված վարչապետի հանձնարարականից հետո է այդ հարցը լուծվել, մարդիկ կարողացել են ներմուծել դիզվառելիքը:
Զուրաբյանը հետաքրքրվեց, թե իսկապես խոչընդոտե՞լ են դիզվառելիքի ներկրմանը, ինչո՞ւ նման հարցը պետք է պահանջեր վարչապետի միջամտությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ երեկ է ստացել էլեկտրոնային նամակ, հարցն ուսումնասիրում են, կզեկուցեն առաջիկա օրերին և որոշում կկայացնեն: Լ.Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ի հակամենաշնորհաին փաթեթով բազմաթիվ գործնական լուծումներ էին առաջարկվում, որոնք մերժվեցին: Նա հետաքրքրվեց` արդյոք հնարավո՞ր չէ վերանայել դա և, հաշվի առնելով նոր իրողությունները, կտրուկ քայլեր կատարել մենաշնորհների դեմ:
Հ.Աբրահամյանը վստահեցրեց, որ հետամուտ են լինելու, որքան էլ քաղաքական ուժերը և գործիչները չեն հավատում, իրենք գործով կապացուցեն: Նա նաև վստահեցրեց, որ տնտեսական մենաշնորհի դեմ պայքարում են, բայց որևէ մեկը սահմանափակված չէ, եթե ցանկություն ունի հեղուկ վառելիք ներկրել. «ԵՏՄ կողմից ընունվել է տեխնիկական կանոնակարգ և կա մեկ պայման, որ բոլոր չափորոշիչները համապատասխանեն դրան: Էնտեղ նորմատիվների խախտում է եղել: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել` չկա մենաշնորհ»: