Բաժիններ՝

«Քթներն ուրիշի անկողին խոթելու փոխարեն ավելի լավ է գիրք կարդան ու մի բան սովորեն». Մելինե Դալուզյանը պատասխանում է իրեն նույնասեռականության մեջ մեղադրողներին

Այսօր Facebook-յան օգտատերերից մեկը գրառմամբ հանդես եկավ, որը կրում էր «Մելինե Դալուզյանը չբավարարվեց սեռափոխությամբ, հիմա էլ անցել է ԼԳԲՏ համայնքին պաշտպանելու գործին» վերտառությունը: Խոսքն, իհարկե, վերաբերում է հայ մարզուհի, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի աշխարհի առաջնության մրցանակակիր, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ գյումրեցի Մելինե Դալուզյանին:

Նման գրառման պատճառ հանդիսացել է մարզուհու facebook-ի նկարը, որը գունավորված է ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ հավասարության: Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված նրա՝ սեռական փոքրամասնությունների օգտին հանդես գալու որոշումը:

«Երեկ հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի օրն էր, այդ պատճառով էլ փոխել եմ նկարս: Ես բազմիցս ասել եմ՝ ոչ-ոք իրավուքն չունի ոտնահարել, խախտել սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ պայմանավորված նրանց գենդերային ինքնությամբ կամ սեռական կողմնորոշմամբ: Դա մարդու իրավունքների խախտում է», – մեզ հետ զրույցում պարզաբանեց սպորտսմենուհին:

Հարցին, թե արդյոք համապատասխան կազմակերպությունն է նրան խնդրել այս կերպ աջակցել իրեն՝ պատասխանեց. «Ոչ, ինձ ոչ-ոք նման բան չի խնդրել, դա իմ ցանկությունն ու կամքն էր: Այստեղ խնդրելու հարց չկա, այլ կա գիտակից մակարդակի և իմացության դրսևորում: Ես շատ եմ կարդացել ու շատ լավ գիտեմ, որ սա ոչ թե խնդիր է, այլ պարզապես մարդիկ չեն ցանկանում հասկանալ մյուսներին ու նրանց կոչում են փոքրամասնություն: Այսօր ոչ-ոք չի ուզում հաշվի առնել մարդու իրավունքները: Քթներն ուրիշի անկողին խոթելու փոխարեն ավելի լավ է գիրք կարդան ու մի բան սովորեն: Թող ամեն մեկը մի հատ նայի՝ ի՞նչ է արել այս ազգի համար, ո՞վ է այս ազգի համար: Երբ ազգի անունից ես խոսում, ասում, թե խորտակում եք այս ազգը,  ինքդ ի՞նչ ես արել այս ազգի համար»:

Վերջին տարիներին՝ ելնելով Մելինեի արտաքին տեսքից, կեցվածքից և հագ ու կապից՝ հաճախ են խոսում այն մասին, որ մարզուհին նույնասեռական է: Սակայն այս խոսակցությունները նրան այնքան էլ չեն անհանգստացնում: «Ընդհանրապես, ինձ իրենք չեն կարող վնասել, ամեն մարդ առաջին հերթին ինքն իրեն է վնաս տալիս: Ես ոչ-ոքից վախենալու բան չունեմ: Այսօր իրենք կանգնել ասում են՝ բա որ մեր պապերը տեսնեն… Ի՞նչ է, ձեզ թվում է ձեր պապերի ժամանակ չե՞ն եղել այդ գեյերը: Միշտ էլ եղել են, ուղղակի այն ժամանակ բռնություններն ավելի շատ են եղել ու մարդիկ վախեցել են խոսել: Այսօր եկել է այն ժամանակը, որ ավելի ճիշտ է մեր խոսելը: Վերջապես եկել է մի պահ, երբ բոլոր մարդիկ ցանկանում են ազատ ապրել, և ոչ մի կապ չունի՝ ինքը գենդերային ինքնությամբ, սեռային կողմնորոշմամբ ով է: Ինքը մարդ է ու բոլորիս հետ հավասար իրավունքներ ունի: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ես համալրում եմ նույնասեռականների շարքերը, ապա ես չեմ պատրաստվում ոչ հերքել, ոչ էլ որևէ պատասխան տալ այդ հարցին: Նորից եմ կրկնում՝ դա յուրաքանչյուրիս անձնական կյանքն է, ամեն մեկն ինքն է որոշում՝ բարձրաձայնել, կամ ոչ այդ մասին: Անձամբ ես պարզապես ոչինչ չեմ ասում, ով ինչ ուզում է՝ թող մտածի: Ոչ խնդիր ունեմ, ոչ վախենալու բան», – ասաց Մելինե Դալուզյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս