Դատարանը մասնակի բավարարել է Էրդողանի՝ գերմանացի երգիծաբանի դեմ դատական հայցը
Համբորգի շրջանային դատարանը մասնակի բավարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցը՝ ընդդեմ գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի (Jan Böhmermann), հայտնում է DW-ն:
Այս մասին ասվում է դատարանի մայիսի 17-ի հայտարարության մեջ: Մասնավորապես, դատարանն արգելել է կրկնել Բեմերմանին իր սկետչից «որոշ հատվածներ», որոնք վերաբերել են Էրդողանին:
Այդ արգելքի խախտումը, ըստ Frankfurter Allgemeine Zeitung թերթի, սպառնում է մինչև 250 հազար եվրո տուգանքով կամ մինչև 6 ամսվա ազատազրկմամբ:
«Ես շատ ոգևորված եմ Գերմանիայի արդարադատությամբ»,- Spiegel-ը մեջբերել է Թուրքիայի նախագահի շահերը ներկայացնող փաստաբանի խոսքերը:
Սկետչը հիմնականում ընկալվել է որպես երգիծական ստեղծագործություն, այդ պատճառով էլ դատարանը թույլատրելի է համարել արտահայտություններն այն մասին, թե ինչպես է Էրդողանը սահմանափակում խոսքի ազատությունը:
Բեմերմանի փաստաբան Քրիստիան Շերցը (Christian Schertz) բավարարված չէ դատարանի որոշմամբ: Նրա խոսքով՝ դա սահմանափակում է ստեղծագործական ազատությունը: Նա չի բացառել, որ որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև կարող է հայց ներկայացվել Էրդողանի դեմ:
2016թ. մարտի 31-ին երգիծական Neo Magazin Royalе հաղորդման ժամանակ հաղորդավար Յան Բեմերմանը կարդացել էր բանաստեղծություն, որը վիրավորանքներ էր պարունակել Էրդողանի հասցեին: