Հիտլերի կերպարով Էրդողանի պատկերը հայտնվել է Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա
Ադոլֆ Հիտլերի կերպարով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը հայտնվել է Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի արտաքին պատի վրա:
Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը` նշելով, որ պատկերը «Նա վերադարձել է» գրառմամբ դեսպանատան դրսի պատի վրա ներկայացվել է պրոյեկտորի միջոցով:
Էրդողանին Հիտլերի կերպարով նկարի հեղինակները գերմանական Pixel Helper խմբի ակտվիստներն են: Նրանք իրենց այդ ակցիայով ցանկացել են դժգոհություն հայտնել Թուրքիայում լրագրողներ Դյունդարի եւ Գյուլի ազատազրկման վերաբերյալ, որոնք բացահայտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող կապերը:
Խմբի անդամներից մեկը ակցիայի հետ կապված բրիտանական հրատարակությանն ասել է. «Մենք` գերմանացիներս, գիտենք, թե ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլերում»
Նա նաեւ հավելել է, որ «վաղ նացիստական ռեժիմի եւ Էրդողանի Թուրքիայի միջեւ նմանությունը վախեցնող է» եւ նշել, որ «Էրդողանը պետք է կանգնեցվի, քանի դեռ չափազանց ուշ չէ»: