Աշխարհի կողմից մոռացված պատերազմը. Radio Vatican-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո շփման գծում երկու զոհ գրանցվեց՝ երկու կողմերից, գրում է Radio Vatican ռադիոկայանի կայքը, որը թարգմանաբար ներկայացնում է tert.am-ը:

Լեռնային Ղարաբաղում շարունակում են զոհեր գրանցվել՝ չնայած հակամարտությունը կարգավորելու՝ երկու պետությունների նախագահների ցանկության մասին հայտարարություններին: Լրագրող Ֆրանչեսկա Սաբատինելին այս թեմայով խոսել է Osservatorio Balcani e Caucaso կենտրոնի լրագրող Սիմոնե Զոպելարոյի հետ:

Զոպելարոյի խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կարևոր քայլ էր, քանի որ նրանք երկար ժամանակ չէին հանդիպել, հատկապես՝ ապրիլից ի վեր, երբ տեղի ունեցավ 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պատերազմի վատագույն շրջանը: Նա նշել է, որ 1994 թվականից ի վեր չէին եղել նման ծանր պատերազմական գործողություններ, ինչպես ապրիլի սկզբին, երբ գրանցվեց ավելի քան 300 զոհ երկու կողմերից: Երկու նախագահները կրկին կհանդիպեն, և հույս կա, որ դա կարող է հանգեցնել խաղաղության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:

Հարցին, թե ինչն է խանգարում հասնել այդ համաձայնագրին, լրագրողը պատասխանել է՝ այդ հակամարտությանն առնչվող ներքին և արտաքին տարբեր դերակատարների գործոնը:

«Ադրբեջանը նավթով ու գազով հարուստ պետություն է, որտեղ 1969 թվականից ի վեր իշխանության գլխին է մի ընտանիք՝ Ալիևների ընտանիքը։ Իշխանության մեջ գտնվող այս ընտանիքն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունն արդարացնելու ազատության տարբեր սահմանափակումները»,- ասել է Զոպելարոն՝ հիշատակելով նաև Ռուսաստանին:

«Կա նաև Ռուսաստանը, որը պաշտոնապես Հայաստանի դաշնակիցն է, բայց որը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Այդպես, Ռուսաստանը երկակի խաղ է խաղում, որովհետև այդկերպ պահպանում է Հարավային Կովկասում իր համար կարևոր ներկայությունը: Եվրոպան և ԱՄՆ-ն, փոխարենը, մեծ անտարբերություն են դրսևորում այս հակամարտության հանդեպ և երբեք ջանք չեն դրել իրականում այն լուծելու համար: Այսպիսով՝ ցավոք, այս իրավիճակը ձգձգվել է մի ամբողջ քառորդ դար»,- ասում է Զոպելարոն:

Լրագրողը հաստատում է, որ իսկապես այս լարվածությանը վերջ դնելը կարծես որևէ մեկի օրակարգում չէ իրականում:

«Հիշենք, որ ի թիվս այլնի, այս հակամարտությունում 30 հազարից ավելի զոհ է եղել, մեկ միլիոնից ավելի փախստական և տեղահանված, մենք կարող ենք պատկերացնել, թե դրանք ինչ վնասներ են այս երկու փոքր պետությունների տնտեսության, ազատության, հավասարության համար, որոնք նաև Եվրոպայի խորհրդի անդամներ են, այդ իսկ պատճառով Եվրոպան նույնպես պետք է շատ ավելի համագործակցային վերաբերմունք ունենար, այս հակամարտության վերաբերյալ շատ ավելի մեծ հանձնառություն: Փոխարենը՝ ամեն կողմից մեծ ցինիզմն է իշխում։ Ցավոք, այս հակամարտությունը չի արձագանքում ռազմական տրամաբանությանը, այլ՝ քաղաքական տրամաբանությանը, որի պատճառով որոշակի պահերի որոշվում է, որ պետք է լինի լարվածություն, հնարավոր է՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված»,- ասում է Զոպելարոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս