Երկու Մանվելները. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Արցախյան պատերազմի սպաներից մեկը` Վահան Բադասյանը, նկարագրել է Արցախում Մանվելի տգեղ, կասեի նույնիսկ` հերթական տգեղ արարքը: Թե Հայաստանում եւ թե Արցախում գեներալին թվում է, որ եթե նա օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկն է, նրան պետք է արտահերթ ճանապարհ տան, խոնարհվեն եւ փառաբանեն: Չի՛ հասնում:
Այն վարքագծի համար, որը նա դրսեւորել է 1994 թվականից առ այսօր, հաստատ չի հասնում: Բայց Վահան Բադասյանի տեղեկություններով` Մանվելը զենքը ձեռքին չի կռվել` չնայած ես դրա վերաբերյալ այլ` հակառակ տեղեկություններ ունեմ, եւ իմ աղբյուրների հավաստի լինելուն ես վստահում եմ:
Պարզապես պատերազմում խիզախաբար կռված Մանվելի ու պատերազմից հետո լկտիացած Մանվելի միջեւ պետք է հստակ սահմանագիծ դնել, եւ պետք չէ երկրորդի հատկանիշները տարածել առաջինի վրա: Բադասյանն ասում է նաեւ, որ պատերազմի ժամանակ Մանվելը ինչ-որ բաներ տանում էր Էջմիածին` դրան, ճիշտն ասած, հավատում եմ. ռազմավարը յուրացնում էր ոչ միայն Մանվելը, այլեւ բազմաթիվ այլ հայտնի դեմքեր: Նույնիսկ դրա համար երբեմն կռվում էին իրար հետ: Գուցե համաձայն չլինեք, բայց դա, իմ կարծիքով, չի նսեմացնում այդ մարդկանց մարտական ծառայությունները: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե դու հերոս ես, քեզ վրա ընկնում է սարսափելի պատասխանատվություն, որի տակից դուրս գալու համար պետք է նախ` խելք, եւ երկրորդ` այնպիսի արիություն, որն իր չափով չի զիջում ռազմական հակառակորդի հետ կռվելու խիզախությանը:
Մանվել Գրիգորյանը չունի այն ինտելեկտն ու կրթությունը, որպեսզի զգա, թե պատերազմի հերոս լինելն ինչ ծանր բեռ է: Հակառակ դեպքում կհրաժարվեր գեներալի ուսադիրներից (անգրագետ մարդը չի կարող գեներալ լինել), պատգամավորի մանդատից (նույն պատճառով) եւ «բիզնեսներից» (որովհետեւ անգրագետ մարդը չի կարող իսկական բիզնես վարել)»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: