ԱՄՆ Պետդեպի մեկնաբանությունը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին իր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող լրագրողի հարցին, որը մասնավորապես վերաբերել է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները ցուցաբերել են քաղաքական կամք՝ դուրս գալու ստատուս քվոյի շրջանակից և ընդունելու այն միջոցառումները, որոնք կարող են օգուտ տալ տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց։
Քիրբին ասել է, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման համար, ինչպես նաև վերսկսել բանակցությունները հաջորդ ամիս, որոնք կարող են տանել հակամարտության համապարփակ կարգավորման։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն իր կողմից պատրաստ կլինի օգնել նախագահներին այդ հարցում։ Նրա խոսքով՝ հանդիպումը «դրական» էր և «ճիշտ ուղղությամբ արված քայլ»։

«Այժմ յուրաքանչյուր ոք պետք է ծանր աշխատանք կատարի՝ իրենց ստանձնած պարտավորությունների իրագործման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Տեսանյութեր

Լրահոս