Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նախարարները ներկայացրել են երկրներում կատարված քայլերը: Մասնավորապես նոտարական համակարգի, փաստաբանական ծառայությունների զարգացման հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության և այլն:

Իսկ նիստի ավարտից հետո ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարները ստորագրել են հուշագիր`Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման իրավական ապահովության հարցերով համագործակցության զարգացման մասին: Այն նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել միության անդամ երկրների կողմից ընդունված սկզբունքները և միջազգային իրավունքի նորմերը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի այցը Սանկտ-Պետերբուրգ մայիսի 18-ին կշարունակվի:

Տեսանյութեր

Լրահոս