Շտայնմայերը ողջունում է կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու ձգտումը
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնությունը և նրանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումը: Այդ մասին նշված է ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունում, որը եկեկ տարածել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շտայնմայերի հայտարարության մեջ նշվում է, որ Ղարաբաղում՝ սահմանի ողջ երկայնքով, իրավիճակը շարունակում է մնալ լարված:
«Այդ ենթատեքստում ես ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գործընկերներիս նախաձեռնությունը, ովքեր մայիսի 16-ին անցկացրել են հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Ես դարձյալ ողջունում եմ երկու նախագահների՝ կրակի դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև մտադրությունը՝ հունիսին անցկացնել բանակցությունների նոր ռաունդ»,- նշված է հայտարարությունում:
Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը մտադիր է աջակցել ՄԽ-ի համանախագահների աշխատանքին:
«Մենք ակտիվորեն աջակցելու ենք հետաքննության մեխանիզմի ստեղծման ջանքերին: Մենք նաև աշխատելու ենք իմ անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմի ավելացման ուղղությամբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: