«Գլխավորն արված է». Վադիմ Դուբնովը՝ Վիեննայի հանդիպումների մասին. «Ժամանակ»

Հարցազրույց Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ

– Պարոն Դուբնով, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Վիեննայի հանդիպման արդյունքները:

– Սա անկասկած միջնորդների հաջողությունն է, սա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի և հավանաբար նաև ԵԱՀԿ-ի դիվանագիտական հաջողությունն է, քանի որ նրանք ինչ-որ կերպ, գոնե ինչ-որ ժամանակով փրկեցին Մինսկի խմբի դեմքը: Նրանց հաջողվեց միասնական հայտարարության մեջ համատեղել այն, ինչ թվում էր անհնար: Բոլոր կողմերը ֆորմալ առումով համաձայնեցին Սարգսյանի պայմաններին շփման գծում իրավիճակի մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, որը շատ կարևոր է, եթե հաշվի չառնենք այն, որ շատ դժվար կլինի իրագործել այդ կետերը. համոզված եմ, որ լուրջ խնդիրներ են լինելու: Թեև այդ դիրքորոշումների հայտնվելը բանակցային գործընթացում ամեն դեպքում շատ լավ է:

Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գլխավորն արված է. երկու կողմն էլ ստորագրեցին այն կետի տակ, որ անհրաժեշտ է պահպանել 1994-95թթ. համաձայնագրերը զինադադարի մասին: Դա լավ է՝ թեկուզ հռչակագրային մակարդակում, բայց ես չէի գերագնահատի այս փաստը:

– Ուրեմն Դուք կարծում եք, որ սրանք պարզապես պայմանավորվածություններ են թղթի վրա, մասնավորապես՝ զինադադարի պահպանումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Գործնականում դրանք չե՞ն աշխատի:

Ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է գործնականում աշխատելու միջադեպերի կանխման կամ մշտադիտարկման խումբը: Մեծ հաշվով՝ այս դիրքորոշումը միշտ էլ եղել է, դրա մասին նշվել է բոլոր փաստաթղթերում, պարզապես չի ձևակերպվել այնպես, ինչպես եղավ այժմ: Լայնածավալ հարձակումը մի բան է, իսկ միջադեպերը՝ մեկ այլ բան: Երբ խոսում ենք միջադեպերի մասին, օրինակ՝ դիպուկահարների պատերազմի մասին, որը մշտապես տեղի է ունենում, սա բոլորովին այլ բան է. դա միջադեպ չէ, դա իրական կյանքն է, շփման գծի գոյության ձևը, և այստեղ ոչ մի տեսակի մոնիտորինգ չի փրկի:

– Այո, բայց Ադրբեջանը միշտ դեմ էր հանդես գալիս հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությանը:

– Այո, դա շատ կարևոր է, որ Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը, բայց առանց շփման գծի հստակեցման ոչինչ չի ստացվի:

– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում նախագահների հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը նվազեցնելու և բանակցություններում որևէ առաջընթացի հասնելու համար:

 Ես բավական հոռետես եմ այդ հարցում: Շատ լավ է, որ նախագահները հանդիպել են, ամեն ինչ հիանալի է, բայց այդ հանդիպումների և բանակցությունների ազդեցությունը, ցավոք, շատ փոքր է առաջնագծում իրավիճակի վրա: Եվ եթե հանկարծ կողմերից մեկը հաշվարկ անի և զգա, որ կարող է ինչ-որ տարածքներ, ինչ-որ բարձունքներ գրավել, այդ դեպքում ոչ մի հանդիպում, ոչ մի Վիեննա, որևէ միջնորդ չի կարողանա հետ պահել կողմերին նոր քառօրյա պատերազմից: Քառօրյա պատերազմը և Վիեննան տարբեր գործընթացներ են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս