Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվեն Լավրովի մեղադրանքները

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Նախօրեին Չավուշօղլուն Վիեննայում մասնակցել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի աշխատանքներին, որտեղ խիստ դժգոհություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների վերաբերյալ, թե Անկարան աջակցում է ԴԱԻՇ-ին:

Ինչպես Վիեննայի համաժողովի ժամանակ հայտարարել էր Լավրովը, կան բազմաթիվ գործոններ, որոնք վկայում են լուրջ ցանցի մասին, որը Թուրքիան ստեղծել է ԴԱԻՇ-ին թուրք-սիրիական 90 կիլոմետրանոց սահմանով օգնություն ցուցաբերելու համար:

«Դուք, պարոն Լավրով, լուրջ դիվանագետ եք ու այս նիստի ամենափորձառու մասնակիցներից մեկը: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դուք չպետք է լուրջ ընդունեիք նման կարգի հորինվածքները: Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցություն ցուցաբերելու թեկուզ մեկ ապացույց, ապա ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն Վիեննայում:

Նա հիշեցրել է նաև Թուրքիայի նախագահի խոսքերը, որը նախկինում բազմիցս հերքել է Թուրքիայի կապը ԴԱԻՇ-ի հետ, ինչպես նաև հայտարարել, թե պատրաստ է պաշտոնը թողնել, եթե ինչ-որ կապ ապացուցվի:

Տեսանյութեր

Լրահոս