
Ուկրաինան և Թուրքիան կուժեղացնեն համագործակցությունը ռազմական ոլորտում

Ուկրաինայի և Թուրքիայի Զինված ուժերի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ծրագիր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ երկրները համաձայնվել էին ուժեղացնել ռազմական համագործակցությունը:
«Հաշվի առնելով Սև ծովի ավազանում աշխարհաքաղաքական իրավիճակի կարևորությունը` շարունակվում է ռազմական համագործակցության զարգացումը Թուրքիայի հետ` որպես Ուկրաինայի ռազմավարական գործընկերոջ: Վերջին շրջանում Անկարայի և Կիևի միջև համագործակցությունը ձեռք է բերել հավելյալ կարևորություն: Այսօր Ուկրաինայի և Թուրքիայի զինված ուժերի միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր»,-ասված է հայտարարության մեջ:
Գլխավոր շտաբում նշել են, որ փաստաթուղթը ենթադրում է երկու երկրների ռազմական համագործակցության ուղղություններն ու ոլորտները` նախատեսված մինչև 2020 թվականը: