Քրդերն իրենց վրա են վերցրել Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարման պատասխանատվությունը
Քուրդ աշխարհազորային Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) հերքել են Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը, թե երկրի արևելքում ռազմական ուղղաթիռի անկումը պայմանավորված էր տեխնիկական խափանումներով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ քրդական կողմն իր վրա է վերցրել դրա վթարի պատասխանատվությունը:
«Ուղղաթիռին մենք ենք հարվածներ հասցրել մայիսի 13-ին, առավոտյան 04:30 -ին Հաքարի տարածաշրջանում, քանի որ այն պատկանում է թուրքական գաղութային զորքերին և գործողություններ է իրականացնում քուրդ ժողովրդի դեմ»,- նշվում է HPG-ի հաղորդագրության մեջ:
HPG նաև նշում է, որ վթարի արդյունքում «մի քանի զինվորներ սպանվել և վիրավորվել են», իսկ քուրդ զինյալներին «հաջողվել է առգրավել զենքը»:
Ուրբաթ օրը Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Kobra ուղղաթիռը, որը Չուքուրջայի տարածաշրջանում՝ Հաքարի նահանգում, մասնակցել է հակաահաբեկչական գործողություններին, վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության հետևանքով: Երկու օդաչուները զոհվել են: Ընթանում են վթարի հետաքննական աշխատանքներ: