Դեփը և Կոտիյարը կնկարահանվեն ԱՄՀ-ի նախկին ղեկավարի հետ կապված սկանդալի մոտիվներով ֆիլմում
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը եւ ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը նկարահանվելու են ամերիկացի ռեժիսոր Բերթ Ռեթների նոր ֆիլմում, որը Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի հետ կապված սկանդալային պատմության մասին է: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանսպրես»-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է ռեժիսորի ներկայացուցիչ Քեյթ Ռոզենբաումը, «Անբարոյականը» անվանումը կրող ֆիլմը «լայն իմաստով հիմնված կլինի Դոմինիկ Սթրոս Կանի հետ կապված միջադեպի վրա»: Warner Bros. ստուդիային մոտ կանգնած աղբյուրի տվյալներով, որը կզբաղվի կինոնկարի թողարկմամբ, Դեփը ֆիլմում կկատարի ֆրանսիացի քաղաքական գործչի դերը, որի կերպարը կնմանվի ԱՄՀ-ի նախկին ղեկավարին: Թե ում դերը կխաղա Կոտիյարը, առայժմ հայտնի չէ:
Wrap հրատարակության տվյալներով՝ ֆիլմի սցենարը «ներկայացնում է ավելի կատակերգական իրավիճակ», որում հայտնվել է Սթրոս Կանը:
Ռեթների ֆիլմը չի լինի առաջին կինոնկարը՝ հիմնված ԱՄՀ-ի նախկին ղեկավարի մասնակցությամբ սկանդալային իրադարձությունների վրա: 2014 թվականին կինոէկրաններ Է բարձրացել ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆերարիի «Welcome to New York» («Բարի գալուստ Նյու Յորք») ֆիլմը, որը նույնպես նկարահանվել Է սկանդալային պատմության մոտիվներով: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ժերար Դեպարդիեն եւ Ժակլին Բիսետը. կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում:
Բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է 2011 թվականի մայիսին Նյու Յորքում բռնաբարության փորձի վերաբերյալ ամերիկյան հյուրանոցի սպասավորուհու հայտարարության հիման վրա: ԱՄՀ-ի նախկին ղեկավարը մի քանի օր անցկացրել է բանտում, իսկ հետո դրվել տնային կալանքի տակ:
Սթրոս Կանը ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնից հեռացել է 2011 թվականի մայիսի 19-ին, ինչպես նաեւ հրաժարվել է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, թեեւ համարվում էր մրցարշավի ֆավորիտներից մեկը:
Սթրոս Կանի դեմ քրեական գործը փակվել է 2012 թվականի օգոստոսի 23-ին այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց, որ սպասավորուհին երդմամբ ցուցմունքներ տալիս, հավանաբար, ստել է, քանի որ ավելի վաղ քանիցս խաբել էր հետաքննությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: