«Մենք իսլամական երկիր չենք, մահմեդական երկիր չենք. Հայաստանում բոլորը բաց դեմքով են գնում քվեարկության»

«Մեր միջազգային գործընկերներն իրենց զեկույցներում նշում են, որ Հայաստանում, որպես այդպիսին, դատական համակարգ գոյություն չունի: Այսինքն՝ գոյություն ունի, բայց անկախ չէ, կոռումպացված է, գործադիր իշխանության հրամանների ներքո է գործում: Ուստի այդպիսի դատական համակարգից ի՞նչ վեճերի լուծում ենք մենք փորձում սպասել»,- այս մասին այսօր ընտրական վեճերի կարգավորում թեմայով քննարկման ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ դրա լավագույն ապացույցները սահմանադրական «խայտառակ կեղծված» հանրաքվեի բողոքարկման ամբողջ գործընթացն էր: Նրա խոսքով՝ ընտրախախտումների գործերով բոլոր մեղադրվողները «դատարանից ազատ արձակվեցին». «Պետական հանցագործություն կատարելու համար բոլորը դատարանից ազատ արձակվեցին: Ընդ որում, բոլորը պետական համակարգի աշխատողներ էին»: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խոսում են վարչական բողոքարկման մասին, սակայն չպետք է մոռանալ, որ դրանք անկախ մարմիններ չեն, իշխանության ենթակայության տակ են:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խիստ զարմացել և դժգոհություն է ունեցել, երբ կարդացել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը քվեաստորագրված ընտրացուցակների հրապարակման մասին. «Մենք իսլամական երկիր չենք, մահմեդական երկիր չենք: Հայաստանում բոլորը բաց դեմքով են գնում քվեարկության: Հայաստանում տեղամասերի առջև ինչ-որ հատուկ թունելներ չկան, որ որևէ մեկը չտեսնի, թե ինչպես է մարդ գնում քվեարկության»: Նա նշեց, որ մեխանիզմը, որ առաջարկվում է իշխանության կողմից, ընդամենը ժամավաճառություն է, ուստի որևէ օգուտ չի կարող տալ:

«Մի կողմից էլ՝ շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, որովհետև ապացուցվեց այն թեզը, որ Հայաստանում, ցավոք սրտի, բացառապես փողոցի միջոցով է հնարավոր իշխանափոխություն անել, որից հետո՝ արդեն արդար ընտրություններ անցկացնել»:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ այս առնչությամբ ասաց, որ ոչ միայն Հայաստանը մահմեդական պետություն չէ, այլև մահմեդական չեն մի շարք այլ եվրոպական երկրներ: Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը երկու շեշտադրում է արել՝ անձնական տվյալների պաշտպանություն և ընտրական ցուցակների գաղտնիություն՝ պահպանել հավասարակշռությունն այդ երկու արժեքների միջև և համապատասխան մեխանիզմ ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս