«Իշխանության ներսում աշխատում են կոռուպցիան դարձնել անդեմ». Անուշ Սեդրակյան
Ցանկացած հայտարարություն ապացուցվում է իրականացվող գործողություններով, եթե չլինեն քայլեր` կլինեն համապատասխան գնահատականներ: Այս կարծիքին է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ով այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարության մասին՝ նշեց, որ դրան պետք է հաջորդեն քայլեր:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ պետք է թերությունները շտկվեն, ավելորդ ծախսերը կրճատվեն, քանի որ հիմա շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները, և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին՝ մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»,- ասել է վարչապետը:
Վ. Այվազյանի խոսքով՝ վարչապետն արձանագրեց, որ մենաշնորհների պահով էական հաջողություններ չեն արձանագրվել, արձանագրեց պահի լրջությունը, քայլերի հաջորդականությունը: Ըստ նրա՝ կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացվի, թե կոնկրետ ինչ քայլեր են իրենք իրականացնելու. «Կա լրջագույն մարտահրավեր, որովհետև մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ, չունենալով տնտեսական հաջողություններ, համախմբվածություն, մենք կարող են ունենալ լրջագույն խնդիրներ՝ բոլոր մեր ազգային արժեքների և պետականության հետ կապված, որովհետև մենք գիտենք, որ Արցախում կանգնած մեր թշնամին ականջներ ու քթեր է կտրում»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համամիտ է, որ մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց, ըստ նրա, մենք միշտ ենք եղել այդ մարտահրավերների առջև, ուղղակի հիմա ավելի ակնառու դարձավ, որ եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը, որովհետև ով ունի իշխանություն, հենց նա էլ կրում է պատասխանատվությունը:
«Կարծում եմ՝ իշխանության ներսում հաջողությամբ կատարվում է հետևյալ գործընթացը՝ կոռուպցիան դարձնել անդեմ, դարձնել ինստիտուցիոնալ, խոսելով համապատասխան մարմինների, իրավասու օրգանների, համապատասխան միջոցառումների մասին, մինչդեռ բոլոր այն երկրներում, որտեղ իրականացվում է հաջող անտիկոռուպցիոն և անտիմենաշնորհային պայքար, կոռուպցիան անվանական է»:
Ա. Սեդրակյանի խոսքով՝ աշխատանքից ազատելն ադմինիստրատիվ տույժ է, երբ խոսքը գնում է բանակի, զինվորի կյանքի մասին, արդեն հարցը պետք է գնա քրեական պատասխանատվության և պատժամիջոցների մասին, որոնք, ըստ նրա, մենք չենք տեսնում. «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր կատարել են քրեորեն պատժելի արարքներ»:
Նա հիշեց այն արտահայտությունը, որ յուրաքանչյուր նախաձեռնությունը խեղդելու լավագույն տարբերակն այդ նախաձեռնությունը գլխավորելն է. «Հիմա այնպես են անում, որ Հայաստանում կոռուպցիայի և մենաշնորհների ներկայացուցիչները հենց գլխավորեն հենց այդ պայքարը, ու ստացվում է կախարդական շրջանակ»: