Բաժիններ՝

Համացանցում է հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի թիզերը

Համացանցում է հայտնվել մոսկվաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի թիզերը: «Մայրեր», «Գողություն ամերիկյան ձևով», «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմերի ռեժիսորի ֆիլմը պատմում է 1988թ. Գյումրիի երկրաշարժի մասին: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիել Իզոտովը, Արտեն Բիստրովն ու Սաբինա Ահմեդովան: Ֆիլմը նկարահանվել է 40 օրում:

Ֆիլմի նկարահանումների մի մասն ընթացել է Մոսկվայում, մի մասը՝ Հայաստանում, որտեղ նկարահանվել են հիմնականում խաղաղ կյանքի տեսարանները:

Ինչպես հարցազրույցներից մեկում խոստովանել էր ռեժիսորը, ինքը 3 տարի երազել է այդ ֆիլմը նկարահանելու մասին, սակայն քաջ գիտակցում էր, որ այն գործարկելը բարդ է: «Ցանկացած պրոդյուսեր գիտակցում է, որ դա ծանր թեմա է, այն չէ, որով հնարավոր է դարձնել կինեմատոգրաֆիական տրենդ: Սա սովորական հասկացությամբ ֆիլմ-աղետ չէ՝ երկրաշարժը տևում է ընդամենը 40 վայրկյան, իսկ էկրանային մնացած ժամանակում մարդիկ փորձում են հաղթահարել դրա հետևանքները»,- խոստովանել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ Դիշդիշյանի ու Անդրեասյան եղբայրների համատեղ նախագծի մասին հայտնի է դարձել 2014 թվականին:

Սյուժեի կենտրոնում երկու հերոսներ են՝ ռուս ճարտարապետ Անդրեյ Բերեժնին ու 25-ամյա Ռոբերտ Մելքոնյանը: Երկար տարիներ առաջ ավտովթարում Բերեժնու մեղքով զոհվել են Մելքոնյանի ծնողները: Անդրեյը կրում է իր պատիժը բանտում, իսկ Ռոբերտին ապաստանում են ազգականները: Տարիներ անց նրանք երկուսն էլ հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

Հայտնի է, որ հայ հերոսների դերակատարների որոնումները տևել են 6 ամիս: Փորձերից հետո ընտրվել են Վիկտոր Ստեփանյանը, Տաթևիկ Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանն ու Սոս Ջանիբեկյանը:

Սպասվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի 2016 թ. օգոստոսի վերջին, իսկ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 7-ին:

https://www.youtube.com/watch?v=ijzGUahqz20

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս