Ադրբեջանի եկամուտները «Շահ-Դենիզ» գազի հանքավայրից կտրուկ նվազել են
Ադրբեջանի տարեկան եկամուտները PSA պայմանագրերի շրջանակում ընթացիկ տարվա առաջին ամիսներին զգալիորեն նվազել են: Այս մասին են վկայում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հրապարակած տվյալները:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2016թ. առաջին եռամսյակում գազի արտահանումից ստացված եկամուտը կրկնակի կրճատվել է՝ համեմատած անցած տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ՝ կազմելով 40 միլիոն դոլար:
Ամսական միջինը ստացվել է 13,3 միլիոն դոլարի եկամուտ, սակայն ապրիլին եկամուտը նվազել է գրեթե կրկնակի՝ կազմելով մինչև 5 մլն դոլար:
Turan գործակալության ուսումնասիրության համաձայն՝ եկամուտների նվազման վրա ազդել է երկու գործոն՝ առաջին հերթին՝ «Շահ-Դենիզ-2» նախագծի շրջանակում ամենախոշոր ներդրումները բաժին են ընկել 2016-2017թթ., երկրորդ՝ ադրբեջանական գազի արտահանման գինը նվազել է մոտավորապես 25%-ով:
Ընդհանուր՝ 2007 թվականից մինչև մայիսի 1-ը «Շահ-Դենիզ» հանքավայրի գազի վաճառքից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն ստացել է 2 միլիարդ 488 մլն դոլարի եկամուտ:
«Շահ-Դենիզ» նախագծի մասնակիցներն են BP-ն (օպերատոր, 28,8%), Petronas-ը (15,5%), SOCAR-ը (16,7%), «Լուկօյլը» (10%), NICO-ն (10%), TPAO-ն (19%):