«Կառավարությունը պանամական փաստաթղթեր չի ուսումնասիրում. Դա կառավարության լիազորությունը չէ»
«Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, որ նախորդ տասնամյակներում ոչինչ չի արվել: Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքը տարվում է: Այն, ինչ վարչապետի հարցադրումն է եղել, հետևյալն է. Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք լրջագույն քայլեր են կատարում, ենթադրենք, ինչպես տարաջատել քաղաքացուն ծառայություններ մատուցող պետական ծառայողներից, և այլն: Այդ բոլոր հարցերն ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, և իրենք, այո, տալիս են իրենց արդյունքը, բայց այդ արդյունքն անմիջապես շոշափելի չէ: Մենք շատ արագ ենք սովորում լավին, վատը, բնականաբար, մեր աչքին ավելի արագ է երևում, և դա լավ է: Բայց ասել, որ աշխատանք չի կատարվում, սխալ կլինի: Եվ եթե վերլուծենք անգամ 2016թ. սկզբից ընդունված կառավարության որոշումները, դուք կտեսնեք, որ զգալի մասում հենց այդ ուղղությամբ քայլեր կատարված են: Այն, ինչ ասել է վարչապետը, հետևյալն է՝ դա բավարար չէ, պետք են նաև այնպիսի քայլեր, որոնք թույլ են տալիս միանգամից տեսնել շոշափելի արդյունք, որովհետև ընդհանուր իրավիճակի բարելավումը տարեցտարի, ամսեամիս ճիշտ ուղղություն է, այդ ուղղությունը պետք է շարունակել, բայց նաև անհրաժեշտ են արմատական քայլեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է փոխվել, որ իրապես քայլեր ձեռնարկվեն կոռուպցիան վերացնելու ուղղությամբ, եթե նույն մարդիկ իշխանության մեջ են:
«Կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին՝ որպես այդպիսին, փող չի պահանջում: Այն ուղղակի որոշ դեպքերում պահանջում է միգուցե ծայրահեղ կոշտ որոշումներ, և վարչապետն ասաց, որ ինքն արդեն իր համար արդեն պատրաստել է որոշակի մոտեցումներ, սպասում է նաև հանրային արձագանքին, ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի արձագանքին, որպեսզի իր փաթեթն ամբողջացնի և կյանքի կոչի»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հետ կապված՝ շոշափելի արդյունք չի եղել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Շոշափելի առաջին արդյունքը՝ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, շոշափելի երկրորդ արդյունքը՝ նախապատրաստվում են նյութեր»: Հարցին՝ Կառավարությունը պանամական փաստաթղթերը չի՞ ուսումնասիրում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կառավարությունը պանամական փաստաթղթեր չի ուսումնասիրում: Դա կառավարության լիազորությունը չէ»: