Բաժիններ՝

Հռոմի պապը խոստացել է մտածել կանանց սարկավագ ձեռնադրելու մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, որը կուսումնասիրի կանանց սարկավագ ձեռնադրելու հնարավորությունը, որը Կաթոլիկ եկեղեցում համարվում է ամենացածր աստիճանը, հայտնում է BBC-ն:

Հռոմի պապն այդ մասին ասել է միանձնուհիների հետ փակ հանդիպման ժամանակ: Կաթոլիկ եկեղեցում սարկավագները ձեռնադրված հոգևորականներ են: Նրանք կարող են քարոզներ կարդալ, դասավանդել, ինչպես նաև մասնակցել որոշ ծեսերի, օրինակ՝ հուղարկավորությունների կամ ամուսնական արարողությունների: Սարկավագներն օգնում են եպիսկոպոսներին:

Միաժամանակ, Վատիկանի մամուլը հայտնում է, որ Հռոմի պապը դեռ պատրաստ չէ կանանց ձեռնադրել սարկավագներ:

Միանձնուհիների հետ ավելի քան 1 ժամ տևած հանդիպմանը Հռոմի պապին հարցրել էին, թե արդյոք նա պատրաստ է այդ հարցը քննող հանձնաժողով ստեղծել, ինչին ի պատասխան նա ասել էր, որ դեմ չէ այդ գաղափարին: «Եկեղեցուն օգտակար կլիներ բացատրել այդ հարցը: Ես դրա հետ համաձայն եմ»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Ներկայում Կաթոլիկ եկեղեցում միայն տղամարդիկ կարող են լինել հոգևորականներ կամ սարկավագներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս