Ռուսական կողմը պատրաստել է Ավետիսյանների տան նմանությամբ մակետ-տնակ, և Պերմյակովը ներկայացրել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մայիսի 13-ին կշարունակի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Նախորդ՝ մայիսի 6-ին կայացած նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավետիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները: Փորձարարության համար, որն իրականացրել է ռուսական կողմը, պատրաստվել է Ավետիսյանների տան նմանությամբ մակետ-տնակ, որտեղ Պերմյակովը ներկայացրել ու մեկնաբանել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները և Ավետիսյանների տան նկարագիրը: Դատարանում հրապարակվեցին նաև փորձարարության լուսանկարները:
Դատական այդ նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ գործով 2 նոր վկաներ ներգրավելու մասին: Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին և Վալերի Պերմյակովի հորը՝ Պավել Պերմյակովին: Դատարանը այս երկուսին որպես վկաներ ներգրավելու միջնորդությունը մերժեց՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով:
Դատարանին ներկայացվեց ևս մեկ միջնորդություն այս անգամ Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի վերաբերյալ: Այս միջնորդության մասով դատարանը որոշեց սպասել մինչև հաջորդ դատական նիստը՝ քանի որ նախորդ նիստերի ժամանակ ՇՄ առաջին ատյանի դատարանը դիմել էր ՌԴ վերջինիս գտնվելու վայրը պարզելու նպատակով: Նիկիշինի գտնվելու հասցեն ճշգրտելուց հետո նոր որոշում կկայացվի միջորդության վերաբերյալ:
Արմենուհի Մխոյան