Կրակեցիք-մրակեցի՞ք, ականջ-մականջ կտրեցի՞ք, վե՛րջ, հասունացել է հանդիպման պահը. «Հայկական Ժամանակ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքով՝ հասունացել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պահը:
Նրանք երեկ Վիեննայից` ԵԱՀԿ կենտրոնակայանից հայտարարություն տարածեցին, որտեղ ասվում էր. «Վերջին բռնությունների լույսի ներքո եւ շփման գծում լարվածությունը անհապաղ թուլացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ մենք համոզված ենք, որ հասունացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պահը: Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հաջորդ շաբաթ Վիեննայում այդ հանդիպման կազմակերպմանը: Նրանց hիմնական խնդիրն է լինելու վերահաստատել հրադադարի ռեժիմը եւ հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծումը»:
ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների բարձրագույն ղեկավարության կարծիքով առանձնապես բան չի պատահել, ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը պարզապես մի փոքր «զվարճացել են», կրակել-մրակել են, գլուխ են կտրել, ականջ են կտրել: Ինչ է եղել որ, մի մեծ բան չէ: Եղավ՝ անցավ, մոռանանք եւ անցնենք առաջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որում Ադրբեջանի գործողությունները դատապարտող տառ անգամ չկա, այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել:
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պահը հասունացել էր մինչեւ ապրիլի 2-ը, երբ մոտ չորս ամիս նրանք չնստեցին բանակցությունների սեղանի շուրջ: Ամենավերջին նման հնարավորությունը մարտի 31-ին Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովն էր, որին մասնակցելու համար ԱՄՆ մայրաքաղաքում էին գտնվում ե՛ւ Սարգսյանը ե՛ւ Ալիեւը: Մինչդեռ Մինսկի խումբը նեղություն չկրեց անգամ օգտագործել դա եւ հանդիպում կազմակերպել: Այդ օրերին տարածված կարծիքին, թե հանդիպում կարող է լինել, պաշտոնապես հայտարարվեց, որ նման բան նախատեսված չի էլ եղել: Ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ այդ առիթը չօգտագործվեց, արդյոք որպեսզի Իլհամ Ալիեւի`մոտալուտ հարձակման պլանները չխառնվե՞ն իրար: Սա հարց է, որին Մինսկի խմբի երկրները, կարծում ենք, պետք է պատասխանեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: