Բաժիններ՝

«Եթե թուրքը պատերազմը սկսեց, մենք ահագին գյուղեր ունենք վերցնելու, և կվերցնե՛նք»

Asparez.am.  Սեյրան Հայրապետյանը Վանաձորից է, ԵԿՄ անդամ: 1993 թվականին, 28 տարեկանում կամավոր մեկնել է Արցախ, մասնացել մարտական գործողություններին: Հենց այնտեղ էլ ստացել է Ռեմբո մականունը.

-Իմ ախպերության ու ընկերությանը հարեհաս եմ, դրա համար էլ ընկերներս Ղարաբաղում անունս կնքեցին Ռեմբո: Այն ժամանակ ջահել էի, որ գնացինք պատերազմ, Օմարի բարձունքում եմ եղել: Ընկերներս գնացին, ես ինչի՞ պիտի նստեի այստեղ:

Հիմա էլ, ապրիլյան պատերազմի լուրը լսելուն, պես 51-ամյա Սեյրան Հայրապետյանը նորից ընկերների հետ մեկնում է հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այն հայրենիքի, որ տարիներ առաջ կրկին պաշտպանել ու ազատագրել է.

-Որ իմացա ստեղծված իրավիճակի մասին, որոշեցի, որ պետք է գնամ ու գնացի: Ամսի 3-ն էր, որ այստեղից գնացինք: Մի 10-15 օր մնացինք Ստեփանակերտում, որպես ռեզերվ: Հետո գնացինք սահման՝ «Եղնիկներ»:

«Եղնիկներում» մի որոշ ժամանակ մնալուց հետո, իրեն էլ շատերի պես տեղափոխեցին Մարտունի.

-Վերջում մեզ իջեցրեցին Մարտունու դիրքեր: Բոլորը «Վանաձոր» ջոկատին շնորհակալություն էին հայտնում՝ լավ ծառայության, կարգապահության ու մեր դիրքերը լավ պահելու համար:

Սահմանում կանգնած զինվորի մասին հպարտությամբ ու ժպիտը դեմքին է խոսում: Ասում է, ոչ ոք չի կարող այսօր սահմանը հսկող հայ զինվորի ձեռքից դիրքեր ու հայրենիք վերցնի.

-Մեր զինվորները դուխով էրեխեք են, ես իրենց ցավը տանեմ: Ո՛չ ահ ունեն, ո՛չ էլ վախ: Ասում էին՝ դեպի առաջ՝ հանուն հայրենիքի: Մեջներին վախ չունեին, ասում են՝ պետք ա դուխով առաջ գնանք, մինչեւ վերջ հասնենք ու հակառակորդին ոչնչացնենք: Թող թշնամին խեղճանա, որ մեր հայ ազգը կարողանա հանգիստ ապրի:

kamavor-150x150

Ասում է՝ զինվորների հետ ծառայում էին մի ընտանիքի պես՝ հաշտ ու համերաշխ: Եւ հավելում, որ հենց այդ համերաշխությունն ու արիությունն է, որ հայ ազգին հաղթանակ է բերում.

-Մեր զինվորները մեզ՝ կամավորներիս էին դուխ տալիս, մենք էլ՝ իրենց: Բայց մենք թույլ չէինք տալիս, որ մեր էրեխեքը գիշերը կանգնեին սահմանին, մենք էինք կանգնում, որ մեր զինվորները հանգստանային: Օրերներս շատ լավ էր անցնում, մեր երեխաների՝ զինվորների հետ հետաքրքիր էր: Թող էս ամեն ինչը վերջանա, բոլորը ողջ ու առողջ հասեն իրենց տները: Աստված չարած, եթե կռիվը սկսվեց, ամբողջ հայ ազգն է ոտքի կանգնելու: Եթե թուրքը պատերազմը սկսեց, մենք ահագին գյուղեր ունենք վերցնելու, եւ կվերցնե՛նք: Մենք այնպես ենք անելու, որ թուրքը թուրքի դեմ սկսի պատերազմել:

Այս պահին Ռեմբոյի ընեկերներն ու բարեկամները գտնվում են սահմանում: Ինքն էլ մի քանի օրով է եկել, կրկին գնալու է: Արդեն գրանցվել է.

-էլի գնալու ենք, գնամ հասնեմ իմ ընկերներին: Մի թեթեւ գործեր ունեմ այստեղ, անեմ ու գնալու եմ: Գնամ՝ թուրքի հետ կռվեմ, իմ հայ ազգի համար եմ գնում: Թե ողջ կմնամ, թե կզոհվեմ, իմ ախպերության, ընկերության ու մեր էրեխեքի համար է, մեր հայ զինվորի համար: Ես իրենց ցավը տանեմ,- խոսքն այսպես եզրափակեց Սեյրան Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս