«Հայ զինվորի թափված արյունը կեղտոտ առևտրի առարկա լինել չի կարող». Արման Մելիքյան. «Առավոտ»
«Հատկապես Հայաստանի ու Արցախի իշխող քաղաքական դասը պետք է իրեն հաշիվ տա այն բանում, որ եթե մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը ետ չքաշի իր ստորաբաժանումները քառօրյա պատերազմի ընթացքում գրաված հայկական դիրքերից, ապա Ալիև-Սարգսյան հանդիպումն ընդամենը կոչված է լինելու միջազգային մակարդակում ամրագրել պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած պահի պատերազմը վերսկսելու իրավունքն ու կանխավ կտա այդօրինակ պահվածքի արդարացումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն`անդրադառնալով եկող շաբաթ, Վիեննայում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
Հիշեցնենք, այդ մասին այսօր հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Aravot.am-ն Արման Մելիքյանից հետաքրքրվել էր`ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից, եթե նոր առաջարկներ չկան, եղածներն Ադրբեջանը մերժել է 25 տարի, իսկ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցություններ չեն կարող կայանալ, քանի դեռ սահմաններում կրակում են: Սահմաններում կրակոցներն, ի դեպ, չեն դադարել: «ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գծում փոխվստահության ամրապնդման և պատերազմական գործողությունների կանխումն ապահովող արդյունավետ միջոցների ներդրման խնդրի շուրջ համանախագահներն այս փուլում խոսելիք ունեն բացառապես Իլհամ Ալիեւի հետ և միմիայն վերջինիս կողմից այս հարցի կապակցությամբ հրապարակավ արտահայտած համաձայնության պարագայում և գրաված դիրքերից զորքերը ետ քաշելու դեպքում է, որ պարոն Սերժ Սարգսյանը, գուցե, իրավունք կստանա Հայաստանի անունից մասնակցել նմանօրինակ հանդիպման: Բավական է այլևս՝ հայ զինվորի թափված արյունը կեղտոտ առևտրի առարկա լինել չի կարող և այսօր իշխանության ղեկին կանգնած մարդկանց և բոլոր մնացյալներին մեր հասարակությունը հենց այդ պարզ ճշմարտությունն է, որ պետք է հասցնի»,- ասաց Արման Մելիքյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: