Մխիթարյանի ապագան «Բորուսիայում» պարզ կդառնա 10 օրվա ընթացքում
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան պարզ կդառնա մոտակա օրերի ընթացքում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Դեռ ոչինչ որոշված չէ: Սակայն Մխիթարյանի ապագան պարզ կդառնա առավելագույնը 10 օրվա ընթացքում»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Bild-ը:
«Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը շատ են ուզում հասնել Մխիթարյանի պայմանագրի երկարաձգմանը: Ռայոլան իր կողմից՝ փորձում է նոր հնարավոր պայմանագրի մեջ նախատեսել ֆուտբոլիստի համար տրանսֆերային կոմպենսացիայի գնի մասին կետ, որը թույլ կտա նրան հեռանալ «Բորուսիայից», եթե գտնվեն ակումբներ, որոնք պատրաստ կլինեն վճարել նրա համար այդպիսի գումարներ: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ. ամառ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը