Բաժիններ՝

Կառավարությունը նախապատրաստվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ մայիսի 12-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի, հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և առաջիկա այլ անելիքների հստակեցման հետ կապված հարցեր:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիբաժի փոխանցմամբ՝ դիմելով հանրապետության գյուղոլորտի պատասխանատուներին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Ապրիլյան դեպքերով պայմանավորված բացթողումները հնարավորին չափ լրացնելու նպատակով՝ անհրաժեշտ է առաջիկայում օպերատիվ համալիր աշխատանք իրականացնել՝ գարնանացանի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն ավարտին հասցնելու, հունիսին մեկնարկելիք հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը հնարավորինս անկորուստ իրականացնելու, ինչպես նաև բերքը պատշաճ ձևով մթերելու ուղղություններով»:

Վարչապետ Ա. Հարությունյանը հորդորել է լուրջ ուշադրություն դարձնել նաև ծխախոտագործությանը և պտղատու այգիների ընդլայնմանը: «Այս տարի նախատեսում ենք տարբեր տեսակի գյուղատնտեսական ապրանքների անսահմանափակ քանակի մթերում իրականացնել՝ վերամշակման նպատակով: Այդ ձևով կաջակցենք մեր բնակիչներին՝ իրենց սոցիալական դրությունը փոքր-ինչ բարելավելու գործում, ինչպես նաև կլուծենք պարենային անվտանգության հետ կապված որոշ հարցեր»:

ԱՀ գյուղնախարար Արամ Մխոյանը, հակիրճ տեղեկատվություն ներկայացնելով կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել է, որ նախատեսված գարնանային ցանքսը հայտնի պատճառներով ավարտին չի հասցվել, սակայն աշխատանքները դեռևս ընթացքում են: Նրա խոսքով՝ շարունակվում է նաև սերմերի և թունաքիմիկատների տրամադրման գործընթացը: Գյուղնախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կոմբայնների շարքը համալրվելու է ևս 6-ով:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանի տեղեկացմամբ՝ մեքենատրակտորային կայանները պատրաստ են բերքահավաքին, իսկ նախատեսված պահեստների մաքրման աշխատանքներն ավարտված են՝ ցորենի և գարու բերքը մթերելու նպատակով:

Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ ավարտին են հասցվում նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը գյուղոլորտի բոլոր պատասխանատուներին հորդորել է բերքահավաքի աշխատանքներն իրականացնելիս համագործակցել միմյանց հետ՝ հնարավորինս անկորուստ արդյունքներ գրանցելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս