Հայկազ Բարսեղյանի սպանության գործով իրեղեն ապացույցների հետազոտմանը կմասնակցի փորձագետ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Դատարանը կհետազոտի գործով իրեղեն ապացույցները: Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ հետագայում պաշտպանության կողմը ներկայացնելու է միջնորդություններ՝ կապված իրեղեն ապացույցների հետ, այդ թվում՝ ԴՆԹ փորձաքննություն նշանակելու մասին, և այս պայմաններում կարծում են, որ ճիշտ կլինի՝ իրեղեն ապացույցների հետազոտմանը ներկա գտնվի մասնագետ, ով կաջակցի այն հարցում, որ իրեղեն ապացույցների վրա հետքեր չթողնվեն: Պաշտպանը հստակեցրեց, որ խոսքը մասնավորապես վերաբերում է քուղերին:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ նիստին կհրավիրվի փորձագետներից մեկը: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 19-ին: