«Բոլորս էլ էդ չորս օրվա ընթացքում մեծացանք. Հիմա որ դեմքիս նայեք, կասե՞ք՝ 21 տարեկան եմ…»
ՍԵՐԳԵՅ- Հատուկ նշանակության խմբի զինծառայող
Մարտի ժամանակ մտածում էի առաջ գնալու եւ գոնե մի անգամ էլ տուն վերադառնալու մասին… Ուզում էի ծնողներիս նորից տեսնել… Ինձ դա էր ուժ տալիս:
ԳԵՎՈՐԳ- Հատուկ նշանակության խմբի զինծառայող, «Արիության» մեդալակիր
Ես ամենափոքրն եմ խմբում: Մեկ տարի է, ինչ պայմանագրային եմ` հետախույզ-սակրավոր: Բոլորս էլ էդ չորս օրվա ընթացքում մեծացանք: Հիմա որ դեմքիս նայեք, կասե՞ք՝ 21 տարեկան եմ… Մեր խումբը պիտի կրակի գծից հաներ վիրավորներին, հետո միանար տղաներին: Շատերին օգնեցինք: Մի դեպք պատմեմ: Առաջացանք դիրք, որտեղ չորս վիրավոր զինծառայողներ էին` ժամկետայիններ: Ուզում էինք տարհանել, բայց սկսեցին մեզ հետ վիճել, քաշքշել, թույլ չէին տալիս: Ասում էին՝ թողեք, մենք պիտի կռվենք: Մի կերպ համոզեցինք: Ափսոս, անունները չեմ հարցրել:
Հպարտ եմ, որ նրանց հետ նույն բանակում եմ ծառայում:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Hayzinvor.am