Բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա
Արցախն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն այն մասին, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա:
«Լիարժեք ձևաչափի վերականգնման համար ահագին ժամանակ է պետք, բայց դա այլընտրանք չունի, մանավանդ այս 4 օրվա պատերազմից հետո: Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, սա տրամաբանակա՞ն մոտեցում է, իհարկե, ոչ: Հասկանում ենք, որ բարդություններ կան, բայց միևնույն է, մենք աշխատելու ենք բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եթե հանդիպան ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված որոշումներ լինեն, ապա սպասվող հանդիպումն արդարացված կլինի: Ըստ նրա` ցույց կտա ժամանակը:
«Կարծում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորմանը միջազգային հանրությունը պետք է լիարժեք մասնակցություն ունենա: Խոսքն այն մասին չէ, որ բանակցային գործընթացի փոփոխություն տեղի ունենա, խոսքն այլ մոտեցման մասին է: Օրինակ՝ անթույլատրելի է, երբ Եվրոպական առաջին խաղերը, ՄԱԿ-ի ֆորումը, Ֆորմուլա 1-ը ու նման կարգի այլ միջոցառումներն անցկացվում են Բաքվում: Սա պարզապես անբարոյական է, որովհետև ագրեսորը դրանից թև է առնում: Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է զգույշ մոտեցում ցուցաբերի» ,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա` առավել ևս անթույլատրելի է, երբ ժողովրդավարական քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչներն այնպիսի հայտարարություններ են անում այնտեղ, որ երևի դասական ֆեոդալական համակարգերում նման պնակալիզություն չի եղել,-հավելեց Դավիթ Բաբայանը:-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լակմուսային մի թուղթ է` ուղղված միջազգային հանրությանն` իր սեփական արատները վերացնելու համար: Պետք է այս հանգամանքն օգտագործի առաջին հերթին ժողովրդավարական քաղաքակիրթ հանրությունը: Եթե դա չարվի, ապա համաշխարհային հանրության մեջ` քաղաքակիրթ ժողովրդավարկան պետությունների արժեքների շերտում, իրավիճակը լինելու է շատ բարդ»: