Արմեն Մուրադյանը՝ վիրավոր զինծառայողներին արտասահման տեղափոխելու մասին
Ապրիլին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված մի քանի զինծառայողներ տեղափոխվել են վերականգնողական կենտրոն, որտեղ առանձնահատուկ հաջողություններ են գրանցվում: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Մասնավորապես, տղաներից մեկի՝ Հայկի հետ, ով գլխուղեղի ներթափանցող վնասվածք ուներ, ես անձամբ քայլել եմ: Մյուս Հայկը ևս խոստացավ, որ չորս շաբաթ անց, գալուն պես, ևս կփորձի ոտքի կանգնել, և կուզեի, որ թերահավատություն չլինի հայկական բժշկության նկատմամբ, որովհետև այս քառօրյա պատերազմի ընթացքում նվազագույն սանիտարական կորուստներ ենք ունեցել՝ հաշվի առնելով, որ բժշկական աձնակազմն ամբողջական եղել է տղաների կողքին՝ ամենաբարձր արհեստավարժ գիտելիքներն ու հմտությունները ցուցաբերելով, նաև մարդկային ջերմություն ցուցաբերելով»:
Անդրադառնալով վիրավոր որոշ զինծառայողների ծնողների հայտարարությանը, որ արտասահմանում բուժման կարիք կա, Արմեն Մուրադյանն ասաց, որ վերջին օրերին գրեթե ամեն օր ծնողների հետ հանդիպում է ունենում, երեկ ևս հանդիպում է եղել մինչև ուշ գիշեր. հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել են զինծառայողների առողջական վիճակները, մասնավորապես՝ քննարկելու հարց է եղել Ռուբենի և Արմանի ծնողների հետ, քննարկվել է հարցը՝ արդյո՞ք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, և արդյո՞ք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները: «Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և ծնողներից, և հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել:
Իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները պնդում են, այնուամենայնիվ հասկանալով, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա, և կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում անհնարին է բուժման այս կամ այն տեխնոլոգիան կամ մասնագետի առկայությունը, ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել: Եվ մեր աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, լոգիստիկ մեթոդաբանությունը վերցնել մեզ վրա»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ աշխատանքները կկազմակերպեն ծնողների հետ համատեղ, աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ՝ հաշվի առնելով. որ ծախսերը կապված են ծախսերի հետ:
Սակայն Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ վիրավորներից մեկը երեկ ջերմություն է ունեցել, պառկելախոց ունի, մյուսն էլ սպինալ շոկի փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին: Ամեն դեպքում, ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և այդ իրավունքն իրականացնելու ընթացքում տղաների կողքին են լինելու: