Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ Noble Partner զորավարժությունները
Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2016» (Noble Partner-2016) զորավարժությունների բացման արարողությունը:
Նման զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն երկրորդ անգամ, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, դրանց նպատակն է Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի զինծառայողների համատեղ գործողությունների մշակումը, վրացի զինվորականների ռազմական պատրաստվածության բարձրացումը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի օպերացիաների կազմում (NRF):
Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Վրաստանը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- իր ողջույնի խոսքում ասել է Մարգվելաշվիլին:
Զորավարժություններին մասնակցում է 1300 զինծառայող, այդ թվում՝ 650 զինծառայող ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Վրաստանի ԶՈւ պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվեն M1A2 Abrams տանկեր: Զորավարժություններին կմասնակցեն նաև ամերիկյան C-130 ռազմական ինքնաթիռներ և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ:
Ամերիկյան տանկերն ու հետևակի մարտական մեքենաները Փոթի էին տեղափոխվել Բուլղարիայի Վառնա նավահանգստային քաղաքից: