
Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ-ի ակտիվությունը ԼՂ հակամարտության լուծման հարցում. Մամեդյարով

Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, Անվտանգության և զարգացման քաղաքականության վարչության պետ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների փոխանակություն Ադրբեջանի և Գերմանիայի, Ադրբեջանի և Եվրամիության, էներգետիկ համագործակցության, TAP և TANAP նախագծերի, տնտեսական համագործակցության, հայ-ադրբեջանական հակամարտության, միջազգային և այլ հարցերի շուրջ:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս վիճակը՝ Մամեդյարովը հայկական կողմին մեղադրել է «Ադրբեջանի քաղաքացիական բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների կատարման մեջ», Հայաստանին մեղադրել «սադրիչ հայտարարություններ անելու մեջ»:
Մամեդյարովը կարևորել է ԵԱՀԿ-ի ակտիվությունը ԼՂ հակամարտության լուծման հարցում ու հույս է հայտնել, որ Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում կարող է ունենալ իր ներդրումը:
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության բարձր մակարդակից: