Սյունիքում կինը մուրճով ու կացնով սպանել է ամուսնուն. բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդություն է ներկայացվել
2015թ. նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզի Բարաբաթում գյուղում կնոջ կողմից ամուսնուն սպանելու դեպքով հարուցված քրեական գործով քննությունն ավարտվել է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել անմեղսունակության վիճակում գտնվող Հ. Աբգարյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիառելու վերաբերյալ: 2015թ. նոյեմբերի 29-ին Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն: Ըստ Ոստիկանության՝ նշված գյուղի բնակչուհի, 1951 թ. ծնված Հ. Աբգարյանը, ով 1975թ. «շիզոֆրենիա» ախտորոշմամբ հաշվառված է Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում, նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը, մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն` 1939 թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Գործին որպես իրեղեն ապացույցներ են կցվել մուրճ, կացին, երկու զույգ հողաթափ, արնանման նյութի 7 հետքեր, տուժող Ռ.Հակոբյանի հագին եղած մոխրագույն բամբակե տրիկոտաժե երկարաթև մայկա, սև մոխրագույն վերնաշապիկ, Հ.Աբգարյանի հագուստները, Ռ.Հակոբյանի եղնգային կտրվածքները, Հ.Աբգարյանի եղնգային կտրվածքներ, Հ.Աբգարյանի ականջից վերցված արնանման նյութի հետք, Ռ.Հակոբյանից և Հ.Աբգարյանից վերցված արյան նմուշներ:
Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին: