«ՄԱԿ-ը պետք է կատարի այն առաքելությունը, որի համար ստեղծվել է». բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի: Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակի Հայփոստի բաժամունքի դիմացից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, որտեղ պետք է հանձնեին նամակ՝ պահանջելով ՄԱԿ-ից սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:

Նախաձեռնության կազմակերպիչներից Մարկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, թեև մեծ ակնկալիքներ չունեն ՄԱԿ-ից, քանի որ միջազգային կառույցները գրեթե միշտ լռում են, բայց ակցիան իրականացնելով՝ ուզում են ցույց տալ, որ իրենք չեն լռում. «Մեր նպատակն է՝ Կարոյի կողքին լինել, պետք է համախմբված լինենք: Մեր հիմնական նպատակն է՝ կանգնել, ձայն բարձրացնել, չլռել, որովհետև շատ հաճախ նման դեպքերում մենք լռում ենք: Այս նախաձեռնությունը սկսեցինք, որովհետև բոլորը լռում էին, սահմանափակվում էին համացանցում ինչ-որ գրառումներ անելով»:

Նախաձեռնության կազմակերպիչներից լրագրող Հայկանուշ Ալոյանն էլ նշեց, որ Թուրքիայի անգործության պատճառով կարող են հայ-թուրքական միջէթնիկական նոր խնդիրներ ծագել. «Նորություն չէ, որ ամեն անգամ Էրդողանը մատ է թափ տալիս, 100 հազար հայերի համայնքն է հիշեցնում, այնպես որ, լուրջ մտահոգություններ կան: Ու Թուրքիայի իշխանությունների այս անգործությունը կարող է լուրջ հետևանքների բերել: Իսկ ՄԱԿ-ը, որքան էլ որ փորձում է չեզոք լինել, այդ իրավասությունն ունի, քանի որ Թուրքիան ՄԱԿ-ի անդամ է: Եթե չի կարողանում Թուրքիային կարգի հրավիրել կամ գոնե դատապարտել, ուրեմն թող վերանայեն Թուրքիայի անդամակցությունը:

Այսօր նամակ ենք հանձնելու ՄԱԿ-ին՝ պահանջով, որ մեր պահանջն ուսումնասիրվի ու մեզ պատասխան տրվի: Ի վերջո, ՄԱԿ-ը պետք է կատարի այն առաքելությունը, որի համար ստեղծվել է: Պետք է դադարի անհասկանալի ինչ-որ կառույց լինելուց»:

Karo3 Karo1

Երթին միացած՝ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես անհանգստացած եմ, ինչպես բոլորը, և շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը: ՄԱԿ-ից որևէ ակնկալիք չունեմ: Իմ ակնկալիքն այս բողոքի ձայնն է, որի միջոցով կտարածվի մեր մտահոգությունը, և Կարոն կիմանա, որ իրեն պաշտպանում են Հայաստանում»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերին: Այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց: Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս