Բաժիններ՝

Եվրոպական խորհրդարանը կասեցրել է Թուրքիայի համար վիզաները չեղյալ հայտարարելու աշխատանքը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ու ասամբլեայի քաղաքական խմբակցությունների ղեկավարները կասեցրել են Եվրամիության կողմից Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմ սահմանելու գործի քննությունը, հայտնել է Եվրոպական խորհրդարանում Նիդեռլանդների պատգամավոր Յուդիթ Սիպելը:

«Շուլցն ասել է, որ մենք կսկսենք դոսիեի մշակումը այն ժամանակ, երբ Թուրքիան իրականացնի բոլոր՝ 72 պայմանները»,- խորհրդարանականի խոսքերը մեջբերել է Բրյուսելի EUobserver ինտերնետ պարբերականը:

Ավելի ուշ Մարտին Շուլցի մամուլի քարտուղար Արմին Մաշմերը հաստատել է, որ Եվրոպական խորհրդարանը չի սկսի Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմը «մինչև Անկարան լիարժեքորեն չկատարի բոլոր պահանջները»:

Վիզաների չեղյալ հայտարարումը փախստականների մասին համաձայնագրի մի մասն է, որը կնքվել էր Անկարայի և Բրյուսելի միջև մարտին: Թուրքիան պետք է իրականացնի Եվրամիության 72 պահանջները:

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրոպական խորհրդարանին և Եվրոպայի խորհրդին չեղյալ հայտարարել սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև մայիսի վերջ հասցնի իրագործել ցանկի վերջին 5 պայմանները:

Խոսքը կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների, «Եվրոպոլի» հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացման, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցության մասին է: Անկարան պետք է վերանայի նաև ահաբեկչության մասին օրենսդրությունը:

Եվրահանձնաժողովի դիրքորոշումը խիստ քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Անկարան չի փոխի իր հակաահաբեկչական օրենքները: Նա հայտարարել էր, որ իր երկիրը «գնալու է իր ճանապարհով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս