«Արսենալ»-ը Մխիթարյանին դիտարկում է որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինող
Լոնդոնի «Արսենալ»-ը և «Չելսի»-ն շարունակում են Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու ակտիվ փորձերը: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Արսենալ»-ը Մխիթարյանին դիտարկում է որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինող. վերջինս դեռևս չի երկարաձգել գործող պայմանագիրը և հնարավոր է տեղափոխվի Թուրինի «Յուվենթուս»:
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանին ձեռք բերելու համար զինագործները պատրաստ են վճարել 23 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ նրան առաջարկել տարեկան 8 միլիոն ֆունտ աշխատավարձ՝ շուրջ 10 մլն եվրո: Եթե Հայաստանի հավաքականի ավագն ընդունի այդ առաջարկը, ապա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը դորտմունդցիների հետ, որը լրանում է 2017 թվականի ամռանը: Հայազգի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենթուս»-ը: Ընթացիկ մրցաշրջանում 51 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 31 գոլային փոխանցման հեղինակ և խփել 23 գոլ: