Բաժիններ՝

ԿԳ-ն պարզեցնելու է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննությունները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձելու է հնարավորինս պարզեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Այս մասին Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում քննությունների մեկնարկին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Պիտի փորձենք հնարավորինս պարզեցնել գործընթացը: Այսինքն` մենք այս տարի չէինք հասցնի, բայց հաջորդ տարիներին այն տնօրենները, ովքեր մեկ անգամ անցել են հավաստագրում և ունեն հավաստագիր, պարզապես զրույցի կհրավիրվեն: Եվ հանձնաժողովի կազմում զրույցին կմասնակցեն մեր հանրապետությունում հարգված մասնագետները: Պարզապես զրույց կլինի, և նրանք կստանան իրենց հավաստագիրը»,-  նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանը շեշտեց` դրանք ավելի պարզ կդառնան նաև նրանց համար, ովքեր առաջին անգամ կփորձեն մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննություններին:

Հավաստագրի քննություններին մայիսի 11-ին մասնակցեց 116 մանկավարժ: Մասնակիցներին ներկայացվել է 60 առաջադրանք: Հանձնաժողովի անդամ Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակցել է թե՛ դիմորդների ընդունելության, թե՛ տնօրենների հավաստագրման քննություններին: Նրա խոսքով` սկզբից ևեթ երևում է տարբերությունը, որովհետև դիմորդները հանգիստ նստում են իրենց տեղերը, իսկ տնօրեններն ավելի աշխույժ են, քան իրենց աշակերտները: «Հետաքրքիրն այն է, որ նստելուն պես տնօրենները սկսեցին աշխատել և կողքերը չնայել, իսկ աշակերտների մոտ այլ է. չգրող աշակերտը 10 րոպե հետո արդեն իր թեստին կամ ձևաթղթին չի նայում»,-նշեց Կարո Նասիբյանը` հավելելով, որ թեստը կազմվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում և ներառում է հարցեր օրենսդրական դաշտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս